Արտագնա դասախոսություն

Օրերս կայացավ «Հայկական համալսարանի հերթական արտագնա դասախոսություն-հանդիպումը Շիրակի մարզում։

Արտագնա դասախոսությանը մասնակցում էին ինչպես «Հայկական համալսարանի» 2022-2023թթ. առաջին հոսքի ունկնդիրները, այնպես էլ՝ «Հայկական համալսարանի» շրջանավարտների միության անդամներից շատերն ու «Հայկական նախագծի» թիմը։

Հանդիպման շրջանակում ներկաները այցելեցին Շիրակի թեմի առաջնորդարան, որտեղ բանախոսությամբ հանդես եկավ թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Թեմի առաջնորդը ներկայացրեց դարերի ընթացքում Հայոց եկեղեցու դերը պետականապահպանության գործում, ներկայումս առկա խնդիրներն ու սպառնալիքները, անդրադարձավ ներկայիս իրավիճակի հնարավոր լուծումներին և դրանում եկեղեցու ներգրավվածության կարևորությանը, ինչպես նաև պատասխանեց ներկաների հարցերին։


Այցելության հաջորդ հատվածում ներկաները եղան Գյումրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում, ուսումնական շրջայց կատարեցին Գյումրի քաղաքով, որի ընթացքում քաղաքագետ Էդգար Էլբակյանը կարճ դասախոսությամբ հանդես եկավ նշանավոր հայդուկ Պադվալի Վաղոյի (Ավետիս Ղարիբյան) տան մոտ։


Օրվա հաջորդ հատվածում «Հայկական նախագծի» համահիմնադիրները «Հայկական համալսարանի» ունկնդիրների հետ քննարկեցին նրանց՝ կիրառական բնույթ ունեցող խմբային նախագծերը, որոնք դասընթացի ավարտին ներկայացվելու են որպես ավարտական աշխատանք։
«Հայկական համալսարանում» մեր ունկնդիրները ստանում են ամենակիրառական գիտելիքներն ու հմտությունները, որոնք պետք է հիմա և հետագայում ծառայեն #հավերժականՀայաստան ունենալու գաղափարին։