Ս․ թ․ հունվարի 25-28 Մարգահովիտ գյուղի մերձակայքում կայացել է Հայկական համալսարանի «Հայկական ճամբար․ ձմեռային դպրոց 2024» կրթական-ժամանցային միջոցառումը։ Վերջինիս մասնակցել են Հայկական համալսարանի շուրջ 40 շրջանավարտներ, որ հաղթահարել են միջոցառման ընդունելության մրցույթը։
Ճամբարը բաղկացած է եղել գիտակրթական և խաղային-ժամանցային բաժիններից։ Բացման դասախոսությամբ հանդես է եկել «Հայկական նախագծի» համահիմնադիր Հրանտ Միքայելյանը՝ խոսելով խորքային պետության, դրա տեսական ըմբռնումների և գործնական դրսևորումների մասին։ Ճամբարականների առջև զրույցի ձևաչափով հանդես են եկել նաև կազմակերպության համահիմնադիրներից Կարեն Իգիթյանը, Սերգեյ Մելքոնյանը և Էդգար Էլբակյանը՝ ներկայացնելով 2024 թ․ ընթացքում Հայկական համալսարանի շրջանավարտների հետ աշխատանքի հիմնական ուղղությունները։
Խաղային-ժամանցային բաժինն անցկացնելու համար ճամբարականները բաժանվել են 6 թիմի՝ մասնակցելով մտավոր, հոգեհուզական և ֆիզիկական կարողությունների ստուգման մրցույթների։ Եռօրյա մրցության արդյունքում հաղթել է «Հարսանիք լեռներում» թիմը՝ մյուս ճամբարականներին և կազմակերպիչներին խոստանալով, որ «հարսանիք լեռներում լինելո՛ւ է»։
Հայկական համալսարանը շնորհակալություն է հայտնում ճամբարի կազմակերպման հարցում աջակցած իր բարեկամներին, ինչպես նաև մեզ հյուրընկալած «Գայլասար» համալիրի տնօրինությանն ու անձնակազմին՝ բարձր մակարդակի ընդունելության և հոգատարության համար։ WOLF MOUNT Գայլասար Gaylasar
Հայկական ճամբարը Հայկական համալսարանի բաղկացուցիչ մասն է, որ հասանելի է դասընթացն ավարտած շրջանավարտներին։