ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԻՐԱՆՈՒՄ» ԿՐԹԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս․ թ․ հուլիսի 21-օգոստոսի 1 տեղի է ունեցել «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի Հայկական համալսարան կրթական ծրագրի չորս հոսքերից ընտրված շուրջ 60 շրջանավարտների համար նախատեսված «Հայկական ճամբար Իրանում» կրթաճանաչողական ուղևորությունն Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրան և Սպահան (Նոր Ջուղա) քաղաքներում։ Ուղևորությունը նպատակ է ունեցել կենդանի դաշտային պայմաններում խորացնել շրջանավարտների գիտելիքները բարեկամ Իրանի, նրա հասարակական-պետական կառուցվածքի, Իրանի հայկական համայնքի մասին, ինչպես նաև սերտացնել Հայաստան-Սփյուռք երիտասարդական կապերը։

 

Ճամբարի ընթացքում տեղի են ունեցել ինչպես կրթաճանաչողական, այնպես էլ փորձագիտական, հանրային դիվանագիտության միջոցառումներ, որոնց մասնակցել են «Հայկական նախագծի» համահիմնադիրներն ու Հայկական համալսարանի շրջանավարտները։ Ուղևորության ընթացքում առանձին տեղ են ունեցել իրանահայկական համայնքային կառույցների հետ հանդիպումները, այդ թվում՝ ծրագրի մասնակիցների ընդունելությունը և օրհնությունը Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդներ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանի ու Գերշ. Տ․ Սիփան Ս. եպս. Քեչեջյանի կողմից։ Թեհրանի և Նոր Ջուղայի ազգային իշխանությունների և «Հայկական նախագծի» համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել նաև Հայկական համալսարանի շրջանավարտների միության և իրանահայ երիտասարդական շրջանակների միջև կապերի հաստատումը։ Ծրագրի ընթացքում «Հայկական նախագծի» համահիմնադիրներ Էդգար Էլբակյանը, Կարեն Իգիթյանը, Սերգեյ Մելքոնյանը, Վարուժան Գեղամյանը հանդիպումներ են ունեցել իրանական փորձագիտական շրջանակների հետ, ինչպես նաև հարցազրույցներով հանդես են եկել Իրանի առաջատար լրատվականներում՝ ԻԻՀ հեռուստաձայնում, Իրանի ձայն ռադիոկայանում, Թասնիմ լրատվագործակալությունում։

Ծրագրի մասնակիցները Թեհրանում այցելել են Գյուլիստանի պալատ (ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում), Իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության ազգային թանգարան, թեհրանահայոց Նաիրի և Սիփան միություններ, Իրանի հայ արհեստավորների միության Արամ Մանուկյան սրահ, Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցի, «Ալիք» օրաթերթի խմբագրություն, «ՀՈՒՍԿ» հաստատություն, Իրանի ԱԳՆ-ի Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտ, Թեհրանի համալսարանի Դեխոդա բառագիտական ինստիտուտ և պարսկերենի ուսումնասիրության միջազգային կենտրոն, Իրանական ժամանակակից պատմության հետազոտությունների ինստիտուտ, Սպահանում՝ Նոր Ջուղա հայկական թաղամասի տեսարժան վայրեր, այդ թվում՝ Սուրբ Ամենափրկիչ վանք ու կցի թանգարան, Սուրբ Բեթղեհեմ եկեղեցի, Սպահանի Ջուղայի հայության երաժշտական հարստության թանգարան, Իմամի հրապարակ (ներառված ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ համաշխարհային ժառանգության ցանկում), քաղաքի հարավում գտնվող Սոփե լեռնազանգված (2253 մ), որտեղ ծածանել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, ինչպես նաև «Հայկական նախագծի» դրոշները։

Մասնակիցների կեցությունն ապահովվել է Թեհրանի և Նոր Ջուղայի Արարատ մարզավանների տարածքում։ Ուղևորության նյութատեխնիկական կարիքները հոգացվել են «Հայկական նախագծի», Թեհրանի և Նոր Ջուղայի հայկական ազգային իշխանությունների մարմինների և առանձին ներկայացուցիչների միջոցների հաշվին։

«Հայկական նախագիծը» հանձնառու է շարունակելու համագործակցությունը բարեկամ Իրանի և իրանահայ համայնքի հետ ինչպես Հայկական համալսարանի, այնպես էլ կազմակերպության այլ ծրագրերի շրջանակներում։

#հավերժականՀայաստան #ՀայկականՆախագիծ #ՀայկականՀամալսարան