Մայիսի 20-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա այցի շրջանակներում «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիրներ քաղաքագետ Էդգար Էլբակյանը, կովկասագետ Կարեն Իգիթյանը, պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանը հանդիպեցին տեղի հայ համայնքի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման շրջնականերում «Հայկական նախագծի» համահիմնադիրները բանախոսությամբ հանդես եկան «Հայաստանը, Արցախը և Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությունը» թեմայով։
Բանախոսության ընթացքում փորձագետները անդրադարձան Հայաստանի և Արցախի հանրապետություններում և դրանց շուրջ կատարվող իրադարձություններին, Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությանն ու դրանից բխող սպառնալիքներին, որոնք մտահոգիչ են ոչ միայն Հարավային Կովկասի համար, այլ նաև հարակից տարածաշրջանների։ Խոսելով սպառնալիքների և մտահոգությունների մասին՝ բանախոսները նաև նշեցին հնարավոր լուծումներն ու առկա հնարավորությունները։
Բանախոսության ընթացքում ներկաները հարցեր ուղղեցին փորձագետներին և կիսվեցին սեփական մտքերով։
«Հայկական նախագիծը» շարունակաբար օգտագործելու է բոլոր հնարավոր հարթակներն ու ձևաչափերը, որպեսզի լայն շրջանակներին հասանելի դարձնի իրական հայկական օրակարգը՝ համախմբելով Հայաստանի և Սփյուռքի ջանքերը այդ օրակարգի սպասարկման շուրջ։