«Հայկական նախագիծ» ՀԿ-ի համահիմնադիրների այցը ԱՄՆ

Ս․ թ․ հոկտեմբերի 28-նոյեմբերի 17 «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիրներ Էդգար Էլբակյանը և Սերգեյ Մելքոնյանը աշխատանքային այց են կատարել ԱՄՆ։

Այցը ներառել է հանդիպումներ համայնքային գործիչների, կազմակերպության բարեկամների ու աջակիցների հետ, ինչպես նաև հանրային միջոցառումներ։

Նոյեմբերի 7-ին Բուրբանկի «Բեշիր Մարտիրոսյան կենտրոնում» համահիմնադիրները հանդես են եկել «Պարտությունից հաղթանակ. միավորվելով Արցախի ազատագրման և վերադարձի համար» հանրային բանախոսությամբ։

Նոյեմբերի 9-ին Գլենդեյլի «Փյունիկիա» ռեստորանում անցկացվել է «Հայ արծիվներ» հիմնադրամի դրամահավաքի միջոցառումը, որտեղ Է․ Էլբակյանը և Ս․ Մելքոնյանը ելույթով ներկայացրել են «Հայկական նախագծի» առաքելությունն ու ընթացիկ գործունեությունը։

Գործունեության առաջին իսկ օրվանից՝ «Հայկական նախագիծը» մեծ տեղ է հատկացրել Սփյուռքի հետ հարաբերություններին՝ համարելով դրանք կենսական Սփյուռքի և Մայր Հայրենիքի անբաժանելի շահերի տեսանկյունից։ Մեր գործունեության մեջ շարունակելու ենք հատուկ տեղ հատկացնել Սփյուռքի հետ կապերի խորացմանը, փոխադարձ այցելություններին և համայնքային միջոցառումներին։