«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, քաղաքագետ Edgar Elbakyan / Էլբակյան Էդգար հունվարի 7-10-ը ֆրանսահայ համայնքի հրավերով աշխատանքային այցով եղել է Ֆրանսիական Հանրապետությունում։ Այցի ընթացքում հանդիպումներ են եղել ինչպես հայ համայնքի, այնպես էլ ֆրանսիացի պաշտոնյաների հետ։

Է․ Էլբակյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի և Հովսեփ Տեր-Գևորգյանի, համայնքային ակտիվիստներ Իրինա Հովսեփյանի և Շահեն Մատենյանի, Ֆրանսիայի Մշակույթի նախարարության ազգային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնազի, ինչպես նաև հայոց իրավունքների բազմամյա պաշտպան, Փարիզի քաղաքային խորհրդի անդամ Ալեքսի Գովչյանի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանին սպառնացող մարտահրավերները, Արցախի հայության և Արցախի հուշարձանների վտանգվածության հիմնախնդիրները, ինչպես նաև հայ-ֆրանսիական հարաբերությունները և հայ համայնքի դերակատարության հարցը։ Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ շարունակելու շփումները, ինչպես նաև համագործակցելու քննարկված խնդիրների լուծման շուրջ։
Հունվարի 8-ին Է․ Էլբակյանը Հայ մշակույթի տանը բանախոսել է ՀՅԴ Արմեն Գարո ենթակոմիտեության կազմակերպած կլոր սեղանին՝ ներկայացնելով Արցախի հայության իրավունքների քաղաքական պաշտպանության, Հայաստանում ստեղծված կացության և դրա լուծման ուղիների մասին «Հայկական նախագծի» մոտեցումները։