Հունվարի 26-29 կայացել է «Հայկական համալսարանի»՝ 2023 թ. ձմեռային ճամբարը, որը նախատեսված է «Հայկական համալսարանի» շրջանավարտների համար։
Այդ օրերի ընթացքում ճամբարականներն այցելել են Հին Դիլիջան, որտեղ կարճ բանախոսությամբ հանդես է եկել «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Դիլիջանից ճամբարականներն ուղևորվել են Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի մերձակայքում գտնվող «Գայլասար» ճամբարատեղի։
Ճամբարականների առօրյան հագեցած է եղել ինչպես դասախոսություններով և գիտագործնական քննարկումներով, այնպես էլ խաղերով, թիմային աշխատանքներով, մշակութային դրվագներով և ընկերական զրույցներով։
Դասախոսությունների շարքով հանդես են եկել «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիրները և հրավիրյալ բանախոսները։
Դասախոսությունների շարքում հետևյալ թեմաներն էին՝
— «Հայաստանի գոյաբանական խնդիրները․ ազգային վերնախավ և ինքնիշխանություն» (դասախոս՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյան)։
— «Միջազգային հարաբերություններն այսօր» (դասախոս՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, պ.գ.թ., միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյան)
— «Գիտելիք, իշխանություն և խոսույթ․ մարդաբանական քննություն» (դասախոս՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան)
— «Հայաստանում հանրային մոբիլիզացիայի և խմբային զարգացման միտումները» (դասախոս՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, քաղաքագետ-տնտեսագետ Հրանտ Միքայելյան)։