«Հայկական ընթերցանություն» ծրագրի մեկնարկը Գիրք նվիրելու օրվա նախաշեմին

Փետրվարի 18-ին կայացավ «Հայկական համալսարանի» շրջանավարտների միության առաջին ծրագիրը՝ «Հայկական ընթերցանությունը»։

«Հայկական ընթերցանություն» ծրագրի առաջին հանդիպումը տեղի ունեցավ Տավուշի մարզի Սարիգյուղ և Բերքաբեր գյուղերի դպրոցականների հետ։ «Հայկական համալսարանի» շրջանավարտների միությունը, նպատակ ունենալով առաջատար գիտելիքները հասանելի դարձնել ՀՀ մարզերի երիտասարդներին և պատանիներին, դեռևս նախորդ տարվանից սկսել է ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

Գրականության ցանկը կազմվել է՝ հաշվի առնելով դպրոցականների նախասիրությունները, ինչպես նաև՝ նպատակ ունենալով աջակցել նրանց մասնագիտական կողմնորոշմանը։

Հանդիպումը կայացավ Իջևան քաղաքում։ Դպրոցականները ծանոթացան «Հայկական համալսարանի» շրջանավատների միության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ «Հայկական համալսարանի» գործունեությանը։

Հանդիպման առաջին հատվածում «Երիտասարդությունը և գիտելիքը՝ որպես Հայաստանի վաղվա օր» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ «Հայկական նախագծի» համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ Այնուհետև «Մարզի զարգացման ծրագիրը» խորագրով թիմային աշխատանքի ընթացքում դպրոցականները ներկայացրին Տավուշի մարզում առկա խնդիրներն ու փորձեցին գտնել դրանց հնարավոր լուծումները։


Հանդիպման ավարտին դպրոցականները նվեր ստացան նախապես ընտրված գրքերը՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ։

Ծրագիրը ներառում է մի շարք բաղադրիչներ. մարզային այցելություններին հաջորդելու են առցանց հանդիպումներ և աշխատանքային քննարկումներ, որոնց ընթացքում շրջանավարտների միության անդամները պատանիների հետ կկիսվելու են կիրառական գիտելիքներով և հմտություններով։«Հայկական ընթերցանություն» ծրագրի ամեն փուլի ամփոփումը տեղի է ունենալու Երևանում՝ բոլոր մարզերի երիտասարդների և պատանիների մասնակցությամբ։

«Հայկական համալսարանի» շրջանավարտների միությունը «Հայկական համալսարանի» շրջանավարտների ջանքերը և համատեղ իրականացվող ծրագրերը համակարգող մարմին է։

Ինչպես «Հայկական ընթերցանությունը», այնպես էլ՝ «Հայկական նախագծի» և «Հայկական համալսարանի» մյուս ծրագրերը ունենալու են շարունակական բնույթ, քանի որ Հովհ. Թումանյանի հետևյալ տողերը կողմնորոշիչ են մեզ համար այս և մյուս ծրագրերի ընթացքում.

Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին,
Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին,
Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,
Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով,
Իմ նո՜ր հայրենիք,
Հըզո՜ր հայրենիք․․․