Զրույցներ հավերժականի մասին՝ «Հայկական համալսարանում»
«Հայկական նախագիծը» «Հայկական համալսարանի» դասընթացի շրջանակներում սկսել է նոր գիտահանրամատչելի ծրագիր՝ «Հայկական զրույցներ», որը մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային բանախոսությունների և նախաձեռնությունների շարք է՝ նախատեսված լայն լսարանի համար։
Ծրագրի շրջանակներում ոլորտի լավագույն մասնագետները անդրադառնալու են հայոց պատմության, գրականության, հայկական մշակույթի ու գիտության ամենատարբեր թեմաներին՝ ցույց տալով անցյալի և ներկայի միջև կապի առանձնահատկություններն ու արդիականությունը։ «Հայկական զրույցներ» ծրագիրը հնարավոր է դարձել գործարար, մարքեթոլոգ Լիանա Մարկոսյանի և վերջինիս գլխավորած մի խումբ հայ գործարարների հետ համագործակցությամբ։
Ամենամսյա հանրային միջոցառումներից առաջինը տեղի է ունեցել հունվարի 12-ին՝ «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում։ «Հայկական զրույցներից» առաջինը նվիրված էր հայկական զինական արվեստին՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ գլխավոր զրուցակիցը կովկասագետ Կարեն Իգիթյանն էր։ Զրույցին հետևեց հարց ու պատասխան, որի ընթացքում քննարկվեցին արդիական մի շարք հիմնախնդիրներ, ինչից հետո կայացավ նաև հայկական բրոնզեդարյան զենքերի շուրջ մեկ տասնյակ նմուշների ցուցադրությունը՝ հնարավորություն տալով ներկաներին մոտիկից ծանոթանալ զինատեսակներին։
«Հայկական նախագիծը», նպատակ ունենալով հայոց պատմության, գրականության և մշակույթի վերաբերյալ արդիական գիտելիքների հանրայնացման միջոցով նպաստել հայկական ինքնության պահպանմանը, զարգացմանը և հայկական պետականության ամրապնդմանը, «Հայկական համալսարանի», «Հայկական զրույցների» և այլ ծրագրերի միջոցով շարունակելու է հասարակության լայն շրջանակներին հասանելի դարձնել հայագիտության բոլոր ասպեկտները։