Մտի՛ր խորը, գտի՛ր նորը. «Հայկական զրույցների» հերթական հանդիպումը
Հուլիսի 13-ին տեղի ունեցավ «Հայկական համալսարանի» «Հայկական զրույցներ» ծրագրի հերթական հանդիպումը։ Եթե փորձենք կարճ պատմել վերջինիս մասին, ապա Կոմիտասի «Մտի՛ր խորը, գտի՛ր նորը» բանաձևումը լավագույնս կարող է նկարագրել հանդիպման առանցքում գտնվող հիմնական միտքը. նոր մշակութային (և ոչ միայն) արժեք հնարավոր է ստեղծել, եթե դու մոտ ես քո արմատներին, ընդունում ես դրանք և վերցնում ես դրանցից լավագույնը։
Հանդիպումը բաղկացած էր երկու հատվածից, որի առաջին հատվածում ներկաները շրջայց կատարեցին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, որի ընթացքում էքսկուրսավարը ներկայացրեց Արամ Խաչատրյանի ստեղծագործական կյանքն ու հետաքրքիր դրվագները։
Երկրորդ հատվածում «Ազգային երգարվեստը մեր օրերում. հետագծելով հայկական մշակույթի ակունքները զարգացումն ու ներկան» թեմայով զրուցեցինք երաժիշտ Միքայել Ոսկանյանի հետ, ով միջոցառման մասնակիցներին երաժշտության օրինակով ներկայացրեց ազգայինը պահպանելու և դրանից նորն ու գեղեցիկը ստեղծելու սեփական բանաձևը։
Հանդիպման վերջում ներկաները մասնակցեցին Արամ Խաչատրյանի կյանքին և գործունեությանը վերաբերող վիկտորինային, որի հաղթողը որպես մրցանակ ստացավ «Հայկական գրադարանի» գրքերից։
«Հայկական զրույցներ» հայկական մշակույթի, գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ հանրային բանախոսությունների և հանդիպումների շարք է՝ նախատեսված լայն լսարանի համար։Այն հնարավոր է դարձել գործարար, մարքեթոլոգ Լիանա Մարկոսյանի և վերջինիս գլխավորած մի խումբ հայ գործարարների հետ համագործակցությամբ։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ալլուրիա վայնս» գինի արտադրող ընկերությանը, որը հատուկ համ և գույն ավելացրեց այդ միջավայրին։