2023 թ. հուլիսի 7-ին Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամը կազմակերպում է Ասիական ֆորում 2023-ը: Ֆորումը պարբերական բնույթ կրող համաժողով է, որը նպատակ ունի մեկ հարթակի տակ քննարկել ասիական ու հարավկովկասյան տարածաշրջանների հարաբերությունների զարգացման հեռանկարները և այդ համատեքստում հայկական տարածաշրջանային գործոնի դերն ու կարևորությունը։ Ասիական ֆորումը բացառիկ հարթակ է՝ քննարկելու ասիական ընդարձակ տարածաշրջանի իրողությունները հայկական համատեքստում։
Համաժողովին ներկայացվելու են զեկույցներ ասիական, մասնավորապես՝ հեռավորարևելյան տարածաշրջանի երկրների միջազգային և տարածաշրջանային քաղաքականության գերակա միտումներին:
Զեկույցները կարող են ներառել պատմության, քաղաքագիտության, տնտեսագիտություն, լեզվաբանության, աշխարհագրության, մեդիա ուսումնասիրությունների, տվյալագիտության, մշակութաբանության, մարդաբանության, գրականագիտության, փիլիսոփայության, կրոնագիտության ոլորտները։ Մենք հատկապես խրախուսում ենք այն զեկույցները, որոնք առնչվում են այս տարվա համաժողովի հիմնական թեմային՝ «Հեռավոր Արևելք և Հարավային Կովկաս. համագործակցության առկա միտումներ և հեռանկարներ»։
Մասնավորապես՝ մենք առաջարկում ենք քննարկել հետևյալ խումբ հարցերը.
- Չինաստանի քաղաքականությունը Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում,
- Հնդկաստանի, Ճապոնիայի և հեռավորարևելյան պետությունների արտաքին քաղաքականությունը մեծմերձավորարևելյան համաշարում,
- Հեռավորարևելյան պետությունների զարգացման մոդելները,
- Փափուկ ուժի դերը հեռավորարևելյան պետությունների արտաքին քաղաքականության մեջ,
- Հեռավորարևելյան երկրների մասնակցությունը և հեռանկարները տարածաշրջանային հակամարտությունների (այդ թվում՝ ԼՂ) կարգավորման համաշարում,
- Միջազգային համակարգի վերաձևումներ, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ճարտարապետություն,
- Կոմունիկացիաները և միջանցքները (օր.՝ ՉԺՀ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիր) նոր իրողություններում,
- Անվտանգային (էներգետիկ, ինֆորմացիոն) խնդիրներ, հեռանկարներ և մոդելներ,
- Թվային կերպափոխումները և դրանց ազդեցությունը հեռավորարևելյան պետությունների վրա,
- Հայաստան-հեռավորարևելյան երկրների երկկողմ և բազմակողմ հարաբերություններ. իրողություններ և հեռանկարներ:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հունիսի 25-ն է։ Հայտը պետք է ներառի հեղինակի գիտական կենսագրությունը (CV), զեկուցման վերնագիրն ու մինչև 300 բառ ամփոփագիր (abstract)։ Դիմելու համար անցե՛ք հղումով և լրացրե՛ք դրված հայտադիմումի ձևը:
Զեկուցումների լեզուն՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն։
Զեկուցման համար կտրամադրվի 20 րոպե, որին կհաջորդի 10 րոպե տևողությամբ քննարկում։
Գիտական ֆորումի կազմակերպչական հանձնախմբի ընտրած հայտերի հեղինակները կտեղեկացվեն մինչև 2023 թ. հունիսի 28-ը։
Նախապատվությունը տրվելու է վերլուծական, այլ ոչ նկարագրական զեկուցումներին։ Զեկույցների ընտրությունից հետո տեքստերի տպագիր տարբերակի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 3-ը։
Գիտական ֆորումում զեկուցված և կազմակերպչական հանձնախմբի հավանությանն արժանացած նյութերը կհրատարակվեն Հայկական ուսումնասիրությունների հիմնադրամի կայքէջում և պարբերականում։
Հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար դիմել [email protected] հասցեով: