Նորություններ

Պրոֆեսոր Լունդգրենի (Շվեդիա) դասախոսությունը «Հայկական համալսարանում»

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության «Հայկական համալսարանում» 2022 թվականի ապրիլի 6-ին հյուրընկալվել էր Լունդի համալսարանի (Շվեդիայի թագավորություն) պրոֆեսոր, կրոնագետ Սվանտե Լունդգրենը։ Նա հանդես եկավ «Ժամանակակից ասորիները. Մերձավոր Արևելքից մինչև Եվրոպա» թեմայով բաց դասախոսությամբ։ Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց Մերձավոր Արևելքի տեղաբնիկ հնագույն ժողովուրդներից ասորիների պատմության նորագույն փուլի հիմնական իրադարձություններին, ազգային պետության բացակայության պայմաններում ասորի ժողովրդի առջև ծառացած քաղաքական և սոցիալ-մշակութային հիմնախնդիրներին, կրոնի և եկեղեցու՝ ազգապահպանման մեջ ունեցած դերին և նշանակությանը։ Բանախոսությանը հաջորդեց հարց ու պատասխան, ծավալվեց քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց թե՛ հայ-ասորական հարաբերություններին և թե՛ հայ ու ասորի ժողովուրդների պատմության զուգահեռներին։

«Հայկական համալսարանը» «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերից է, որը նպատակ ունի հասարակագիտական հետազոտությունների և դրանց մասսայականացման միջոցով նպաստել հայկական քաղաքացիական հասարակության ձևավորմանը և Հայաստանի պետականության զարգացմանը։
«Հայկական համալսարան» ծրագրի շրջանակներում իրականացվում է բաց դասախոսությունների շարք, որի շրջանակներում բանախոսություննեով են հանդես գալիս հայաստանյան և արտասահմանյան լավագույն մասնագետները։