«Հայկական նախագիծը» Կալիֆոռնիա նահանգում

Փետրվարի առաջին կեսին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Օրենջ շրջանի Սուրբ մանկանց եկեղեցու և ՀՅԴ Արևմտյան ափի վարչության հրավերով ու կազմակերպմամբ «Ներկա աշխարհաքաղաքականությունը Հայաստանի և Արցախի շուրջ» թեմայով բանախոսությամբ հանդես եկավ «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Հանրային բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի պատմաաշխարհագրական դերին ու նշանակությանը, տարածաշրջանում գերտերությունների շահերի բախման հիմնական ոլորտներին, ինչպես նաև ներկայացվել է այդ գործընթացների ուղիղ կամ անուղղակի ազդեցությունը Հայաստանի և Արցախի վրա։

Դասախոսությանը հաջորդել է հարցուպատասխանը, որի շրջանակներում բարձրաձայնվել են մի շարք օրախնդիր հարցեր, որոնց այժմ առնչվում է հայությունը թե՛ Հայաստանում թե՛ Սփյուռքում։ Քննարկումները ոչ միայն սպառնալիքներին դիմագրավելու, այլ նաև առկա հնարավորությունների գրագետ օգտագործման մասին էին։ «Հայկական նախագիծը», նպատակ ունենալով աջակցել հայկական համայնքներին հայապահպանության գործում, շարունակելու է համագործակցել բոլոր ազգային կառույցների, կազմակերպությունների ու անհատների հետ, ովքեր պատրաստ են իրենց ներուժն ուղղել հայրենիքին, անգամ վերջինիս սահմաններից դուրս։

«Հայկական նախագիծը» դասախոսությունների շարքով հանդես է եկել նաև
ՌԴ-ում, Շվեդիայի Թագավորությունում, Իրանում և ԱՄՆ այլ նահանգներում: