Մեր մասին

«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2020 թվականին մի խումբ հայ գիտնականների և փորձագետների կողմից։ Կազմակերպության առաքելությունն է զարգացնել հայաստանյան մարդկային կապիտալը՝ այդպիսով նպաստելով Հայաստանում ազգային քաղաքացիական հասարակության ձևավորմանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։ Կազմակերպության գործունեությունը ներառում է (սակայն չի սահմանափակվում) տարաբնույթ կրթալուսավորչական ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց թիրախային լսարանն առավելապես երիտասարդներն են։

«Հայկական նախագիծն» իրականացնում է.

  1. գիտական հանրային միջոցառումներ (խորհրդաժողովներ, սեմինարներ, կլոր-սեղան քննարկումներ);
  2. կրթական ծրագրեր (երեկոյան համալսարանական դասընթացներ, մարզային դասընթացներ, հանրային դասախոսություններ, առցանց դասընթացներ);
  3. Հայաստանի և այլ պետությունների (մասնավորապես՝ Եվրասիական տարածաշրջանում) միջև հանրային դիվանագիտություն գիտակրթական գործիքակազմի միջոցով (համատեղ խորհրդաժողովներ, փոխայցեր, տեղեկատվական արշավներ);
  4. հասարակագիտական հետազոտական ծրագրեր (զեկույցների, հոդվածների, թարգմանությունների, գրքերի հեղինակում և հրատարակում);
  5. հանրային իրազեկման արշավներ (հարցազրույցներ, լրագրողական այցեր, գիտահանրամատչելի հաղորդաշարերի պատրաստում);
  6. ճանաչողական միջոցառումներ (արշավներ, մարզային այցեր, երիտասարդական հավաքներ);
  7. Հայաստան-Սփյուռք կապերի արդիականացմանն ուղղված հանրային գործունեություն (համայնքային հանրային դասախոսություններ, սփյուռքյան կազմակերպությունների՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ խորհրդատվություն և այլն)։

«Հայկական նախագիծ» ՀԿ թիմի կորիզը կազմում են գիտնականներ, ինչի շնորհիվ կազմակերպության գործունեության հիմքում ընկած են գիտական անաչառությունն ու փաստահեն քաղաքականության խթանումը։ «Հայկական նախագիծը» շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի ծրագրերի համար անհրաժեշտ բյուջեն ձևավորվում է Հայաստանում և Սփյուռքում բնակվող գաղափարակից ու սրտացավ անհատների հանգանակությունների և նվիրատվությունների միջոցով։

2020 թ. պատերազմից հետո էլ ավելի անհրաժեշտ է արդիականացնել հայկական պետության և հայ ժողովրդի կազմակերպվածությունը, ինչի կարևորագույն բաղադրիչը հայկական Սփյուռքն է։ Ուստի, 2021թ.-ին կազմակերպության անդամները պարբերաբար այցելություններ և հանրային դասախոսություններ են կազմակերպում սփյուռքի տարբեր գաղթօջախներում, որոնց նպատակն է բարձրացնել Հայաստանի և հայության առջև կանգնած իրական մարտահրավերների մասին իրազեկվածության մակարդակը և նպաստել հայության ներուժի կենտրոնացմանը վերոնշյալ մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ։

«Հայկական նախագիծ» ՀԿ համահիմնադիրներն են քաղաքագետ Էդգար Էլբակյանը, քաղտնտեսագետ Հրանտ Միքաելյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը, արևելագետ Սերգեյ Մելքոնյանը (պ.գ.թ.), արևելագետ Վարուժան Գեղամյանը (պ.գ.թ.)։