Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել է «Հայկական նախագծի» թիմին և աջակիցներին, ինչպես նաև «Հայկական համալսարանի» շուրջ 150 շրջանավարտների և ունկնդիրների։
«Հայկական նախագծի» համահիմնադիր՝ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին է ներկայացրել «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության կողմից «Հայկական համալսարանի» ստեղծման նպատակն ու գլխավոր առաքելությունները։
«Հայկական նախագծի» համահիմնադիրներն ընդգծել են, որ «Հայկական համալսարան» ծրագրի նպատակներից գլխավորն ուսանողներին ազգային արժեքներին հաղորդակից դարձնելն է, որոնց շարքում առանցքային դեր ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը կարևորել է գիտելիքի փոխանցմանը զուգահեռ հոգևոր, բարոյական արժեքներով դաստիարակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է օրվա գլխավոր խորհուրդներից մեկը. «Աստվածսիրությունն ու հայրենասիրությունը չեն կարող միմյանցից անջատ լինել»։
Հանդիպման մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ ընթերցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությունը, ինչպես նաև՝ դիտելով «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը.
Հանդիպման վերջում ներկաները հարցեր են ուղղել Վեհափառ Հայրապետին, իսկ հանդիպումից հետո «Հայկական նախագծի» թիմն ու աջակիցները, ինչպես նաև «Հայկական համալսարանի» ունկնդիրներն ու շրջանավարտներն Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղեկցությամբ քայլել են դեպի Սուրբ Գայանե եկեղեցի՝ մասնակցելու պատարագի արարողությանը։
Ստորև բերված են մի քանի դրվագներ այդ հանդիպումից։