«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ համահիմնադիր, թյուրքագետ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը փետրվարի 6-ից 11-ը գտնվում էր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Աշխատանքային այցի նպատակն էր ԱՄՆ արտաքին քաղաքականությամբ զբաղվող պաշտոնյաների, սենատորների ու կոնգրեսականների, տարածաշրջանային հարցերով հետաքրքրվող գիտնականների ու փորձագետների հետ բարձր մակարդակի խորհրդատվությունների ու քննարկումների միջոցով բարձրացնել Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային միջավայրի հիմնախնդիրները, ցույց տալ իրական հայկական օրակարգը, Արցախի հարցում հայ ազգի անկեղծ և վճռական մոտեցումները։
Քննարկումների առանցքում Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակումը վերացնելու անհրաժեշտությունն էր։ Վաշինգտոնում հանդիպումներ են տեղի ունեցել նաև Հայաստանի տարածաշրջանային գործընկեր պետությունների ու ժողովուրդների ներկայացուցիչների՝ Հունաստանի, Կիպրոսի, քրդական համայնքի անդամների հետ՝ քննարկելով տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հարուցած սպառնալիքներին դիմագրավելու համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։
Այցի ընթացքում տեղի են ունեցել նաև հանդիպումներ հայկական համայնքային կազմակերպությունների և անհատ գործիչների հետ։ Քննարկվել են համահայկական նշանակության խնդիրների շուրջ «Հայկական նախագծի» հետ համատեղ աշխատանքի հնարավորությունները։
Վ․ Գեղամյանի աշխատանքային այցը հնարավոր է դարձել ԱՄՆ «Հայ Դատի» գրասենյակի օժանդակությամբ և հանձնառությամբ։
«Հայկական նախագիծը» շարունակելու է իր հետևողական աշխատանքը համազգային խնդիրների շուրջ համազգային մոբիլիզացիա ապահովելու ուղղությամբ՝ հանուն #հավերժականՀայաստան՛ի։