Կայացավ «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը

Դեկտեմբերի 9-ից 11-ը Գորիս քաղաքում կայացած «Որոտան» միջազգային փորձագիտական եռօրյա ֆորումը,որի կազմակերպիչներից է «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը։

Ֆորումին մասնակցում էին փորձագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից: Ֆորումի շրջանակներում անդրադարձ է կատարվել երկու հիմնական թեմաների՝ «Միջանցքներ և կոմունիկացիաներ» և «Սուվերեն համացանց»։

Ֆորումի առաջին օրը նվիրված էր միջանցքների և կոմունիկացիաների թեմային: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեմային: Հատկանշական է, որ «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ խոսույթը միայն թուրք-ադրբեջանական և հայկական խոսույթներում չէ, որ տեղ է գտել, այլ նաև տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես` Իրանի: Սա առաջնահերթ խոսում է այն մասին, որ այս թեման լոկ դատարկ թեզ չէ, այլ քաղաքականություն, որին լրջորեն հետամուտ են լինում Թուրքիայում և Ադրբեջանում և որը լրջագույն սպառնալիք է տարածաշրջանի երկրների համար, հատկապես` Հայաստան, Իրան և Ռուսաստան եռյակի համար: Իրանցի փորձագետները բազմիցս շեշտեցին, այո, նաև Ռուսաստանի գործոնը և որ վերջինս ապահովագրված չէ այն վտանգներից, որոնք անխուսափելիորեն առաջ կգան միջանցքի բացումից հետո:

Անդրադարձ կատարվեց նաև Հյուսիս-հարավ ճանապարհի ռազմավարական կարևորությանը և թուրք-ադրբեջանական տանդեմի` այս ճանապարհի այլընտրանքային տարբերակներն առաջ քաշելուն։

Իրանցի փորձագետները միակարծիք էին այն հարցի շուրջ, որ Հայաստանը դարպաս է դեպի բազմամիլիոնանոց եվրասիական շուկա։ Այսպես, Հայաստանը կարող է ծառայել որպես տրանզիտ իրանական ապրանքների ռեբրենդինգի համար, քանի որ Հայաստանը մոտ է և՛ եվրասիական, և՛ եվրոպական շուկաներին։ Իսկ իրանական տնտեսական ձեռնարկությունների հիմնումը Սյունիքի մարզում կարող է ունենալ մեծ նշանակություն ոչ միայն տնտեսական, այլև տարածաշրջանի անվտանգության առումով։

Ռուս փորձագետներն իրենց հերթին կիսվեցին իրենց տեսլականով ռազմավարական ճանապարհների վերաբերյալ: Ակնհայտ է, որ թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմերն ունեն մի շարք հարցեր, որոնց շուրջ պետք է գան համաձայնության` գտնելու կոնսենսուսային ճանապարհ տարածաշրջանի անվտանգ զարգացումն ապահովելու համար:

Այս առումով նաև կարևոր է նշել, որ պատահական չէր ընտրված ֆորումի անցկացման վայրը` Սյունիքի մարզը: Մեր շահակից և դաշնակից պետությունները, ինչպես և ֆորումի կազմակերպիչներից «Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպության հիմնադիր կազմը, գիտակցում են Սյունիքի աշխարհաքաղաքական կարևորությունը` որպես միջմշակութային հանգույց և տարածաշրջանային շահերի բախման կետ։

Ֆորումի հաջորդ օրվա առաջին կեսը նշանավորվեց տեղեկատվական անվտանգության և սուվերեն համացանցի շուրջ քննարկումներով: ՌԴ և ՀՀ փորձագետների կարծիքները հատվեցին այն կետում, որ ցավալիորեն մերօրյա իրականությունում նկատվում է միտում համացնացի ֆրագմենտացման, և այս միտումը կշարունակի աճել մոտակա տարիներին ևս:

Օրվա երկրորդ կեսին մեկնարկեց Արևմուտքի պատժամիջոցներին և եվրասիական տնտեսության համար դրանցից բխող հնարավորություններին ու բացասական հետևանքներին նվիրված քննարկումը: Ինչպես հայտնի է ՌԴ-ի հանդեպ կիրառված մի շարք պատժամիջոցները դարձել են պատճառ տեղական արտադրությանը զարկ տալուն, ինչպես նաև ԵԱՏՄ գոտու շուկայից մի շարք ապրանքների ներկրումն ավելացնելուն: Սա դիտվում է որպես հնարավորությունների պատուհան հայկական տնտեսության համար: Սակայն կան նաև մի շարք խնդիրներ, որոնց շարքում է «թանկ դրամ»-ի քաղաքականությունը, որը ներկայումս վարում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները: Այս մասին խոսել է քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանը` նշելով, որ այս ոչ հեռատես քաղաքականության հետևանքով հայրենական տնտեսությունը, վաղ թե ուշ, բախվելու է ճգնաժամի:

Ցավալիորեն, տեսանք, թե ինչպես ընդամենը հաշված օրեր անց մեկնարկեց Ադրբեջանի հերթական ագրեսիան` Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակումը, որն Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհն է: Այս ցեղասպանական քայլի նպատակն է, կտրելով Արցախը վերջնականապես մայր Հայաստանից, հաջորդիվ անցնել Սյունիքի օկուպացիային` «Զանգեզուրի միջանցք»-ի գաղափարը կյանքի կոչելու նպատակով: Ագրեսիայի այս դրսևորումը ևս մեկ անգամ գործնականորեն ամրապնդեց ֆորումի շրջանակներում քննարկված թեմաների կենսականությունն ու տարածաշրջանում թուրք-ադրբեջանական գործոնի չեզոքացման անհրաժեշտությունը, որը, սակայն, ոչ մի կերպ չի կարող կյանքի կոչվել ներկայիս դե-ֆակտո իշխանությունների վարած հակահայ քաղաքականության արդյունքում:

Ֆորումի ժամանակ փորձագետների և մասնակիցների կողմից թեմայի շուրջ հնչեցված թեզերը և մեկաբանությունները կարող եք ընթերցել «Հայկական ալիքի» հոդվածում։

Նմանատիպ մասշտաբով ֆորումը հնարավոր է դարձել կազմակերպել մեծապես «Ալեքսանդր Գորչակով» ֆոնդի աջակցությամբ։